ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում արած հայտարարության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական արձագանքը հետեւել է ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն տեքստերի հետ մանրամասնորեն ծանոթանալուց հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ 

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունը։ «Կարեւոր է, որ Կանադայում ՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում արած հայտարարության մեջ վկայակոչելով Աքվիլայի 2009 թվականի հայտարարության կետերը, մեկ անգամ եւս հաստատվել են այն դիրքորոշումները, որոնք Հայաստանն ընդունել է իբրեւ հակամարտության կարգավորման սկզբունքներ։ Դրանք ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի մասին սկզբունքներ են, ինչը նշանակում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, անարգել կապ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, անվտանգության միջազգային երաշխիքներ»,- նշել է նա։

Նշենք, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք որպես նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք երկու կողմերից էլ այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել էինք 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր հայտարարության մեջ, որոնք վերաբերվել են Լեռնային Ղարաբաղին հարակից զբաղեցված տարածքների վերադարձին, անվտանգություն եւ ինքնիշխանություն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքին,  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որը հստակեցվելու է ապագայում իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, բոլոր տեղահանվածների եւ փախստականների վերադարձի իրավունքին, ինչպես նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներին, այդ թվում՝ խաղաղության պահպանման ուղղությամբ»: