Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել կաշառք ստանալու համար ՀՀ ոստիկանության ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի եւ կարանտինային միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցները, թե Հովհաննիսյանը հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու եւ ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար, նրանից պահանջել եւ ստացել է 961 հազար 700 դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք:
Գումարը Հ. Հովհաննիսյանին է փոխանցվել 2009 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում, ինչը, օրենքով սահմանված կարգով, ձայնագրառվել է ԱԱԾ մարմինների կողմից:
Դատարանի դատավճռով Հ. Հովհաննիսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:


























