Փարիզում վերանորոգումից հետո կրկին դռներն է բացում Պիկասոյի թանգարանը։ Վերանորոգման աշխատանքները, որոնք տեւել են հինգ տարի եւ արժեցել 22 մլն եվրո, հանրության ոչ միանշանակ արձագանքին են արժանացել։

Թանգարան ծառայող  առանձնատան ներքին հատվածը, որը կառուցվել էր XVII դարում, վերանորոգումից հետո ընդլայնվել է, ինչն էլ թույլ է տվել մեծացնել ցուցասրահների  մակերեսը՝ բնական լուսավորությամբ։

Թանգարանում ներկայացված է շուրջ 400 կտավ, արձաններ, կերամիկական իրեր եւ այլ աշխատանքներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա Պաբլո Պիկասոյի 5 հազար ստեղծագործություննեի հավաքածուի մի մասն է, որը 1973թ. նկարչի ընտանիքը փոխանցել էր պետությանը՝ հարկերի վճարումից ազատվելու դիմաց։ Վերանորոգումից հետո թանգարանում եւս երկու հարկ է ավելացել եւ նոր ընդունարան, որն այժմ նախկին ախոռների տեղում է։

Որոշվել է նաեւ նկուղային հարկ փորել եւ վերաստեղծել արվեստանոցները, որտեղ աշխատում էր նկարիչը։