«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են: Այս մասին NEWS.am-ին ասաց Էդգարի քույրը՝ Սաթենիկ Շաթարյանը:
«Ըստ փորձաքննության՝ Էդգարի մեղքով է եղել, եթե այդ հիվանդանոցում չլիներ, այլ տեղ էլ նույնն էր լինելու: Սակայն մենք շարունակում ենք պնդել, որ բժիշկների մեղավորությամբ է ամեն ինչ եղել»,- ասաց Սաթենիկը:
Շաթիրյանները չեն պատրաստվում բողոք ներկայացնել՝ պատճառաբանելով, թե միեւնույնն է՝ ոչինչ չի փոխվելու, իրավապահները նորից նույն փաստաթուղթն են ներկայացնելու:
Ավելի վաղ Սաթենիկ Շաթիրյանը NEWS.am-ին հայտնել էր, որ եղբայրը՝ 33-ամյա Էդգար Շաթիրյանը մահացել է բժիշկների պատճառով:
«Եղբայրս ալկոհոլի նկատմամբ սեր է ունեցել, խորհուրդ տվեցինք դիմել նարկոդիսպանսեր: Մայիսի 5-ին հարբած վիճակում եղբայրների հետ Էդգարը գնում է այնտեղ, սակայն գներն էնքան բարձր են եղել, որ մտածել է անվճար բուժվելու մասին ու գնացել Ավանի հոգեբուժարան: Հարբած մարդուն միանգամից Տիզերցին են ներարկել, որից էլ ուշքի չգալով՝ մահացել է եղբայրս: Բայց ո՞վ է տեսել, որ հարբած հիվանդին միանգամից նման դեղամիջոց ներարկեն: Էդգարին ուղեկցողներն ասել են, որ ինքը գլխի եւ սրտի պրոբլեմ ունի, բայց բժիշկները հաշվի չեն առել»,- ասել է նա:
Մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանը հերքել էր այս ամենը: Նրա խոսքով՝ Էդգար Շաթիրյանը մահացել է սրտի խնդիրներից:



























