Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Կարս նահանգի տարածքում հոկտեմբերի 17-25-ը անցկացված երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավի շնորհիվ միջազգային տուրիստական շուկայում Հայաստանի ճանաչելիությունը մեծանում է: Այս մասին արշավին նվիրված ասուլիսին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեսպանն ընդգծել է, որ Հայաստան այցելել ցանկացողների թիվն այս կերպ աճում է: Վոլինկինը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավը կնպաստի ՀՀ տուրիստական ինդուստրիայի զարգացմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին շեշտել է, որ ամբողջ աշխարհում զարգանում է տարածաշրջանային զբոսաշրջության գաղափարը, եւ մենք նույնպես այս համատեքստում պետք է կարողանանք մրցունակ լինել։ Նա նաեւ ընդգծել է, որ տարեցտարի գիտարշավի միջոցով փորձում են ընդլայնել աշխարհագրությունը, պատմական ընկալումը, մասնակիցների շրջանակը։ «Կարեւոր է, որ ՀՀԿ երիտասարդական թեւը նույնպես ակտիվորեն մասնակցում է արշավին։ Եվ ես կոչ կանեմ, որ մյուս տարի նրանց միանան այլ երիտասարդական կառույցների, քաղաքական կազմակերպությունների երիտասարդներ»,- նշել է Հերմինե Նաղդալյանը։
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ տեղեկացրել է, որ արդեն հաջորդ՝ չորրորդ գիտարշավի շրջանակներում Մոսկվայում ՌԴ տուրօպերատորների համար ներկայացնելու են Հայաստանն ու Կարսը: Այդ ներկայացումներին մասնակցելու են նաեւ թուրք մասնագետները։
Նշենք, որ Հայ-ռուսական գիտազբոսաշրջային երրորդ արշավը կազմակերպվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի մասնաճյուղի կողմից:




























