"Բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ հայտարարում են, որ «այն որ Սարգիս Հացպանյանը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին ոչ ոչ ոք չի կարող ուրանալ»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Հացպանյանի կինը` Հասմիկ Թորոսյանը, հավելելով, որ իր ամուսինը կռվել է Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ազատագրական բանակի կազմում ընդգրկված Վլադիմիր Բալայանի ջոկատում:
«Այդ ջոկատի բոլոր տղաները վկայում են, որ Հացպանյանը իրենց հետ մտել է Քելբաջար: Նաեւ տեսախցիկով է եղել եւ նկարել է ջոկատի մուտքը Քելբաջար: Այդ բոլորը մեր արխիվում կա, որը գտնելու համար ինձ ժամանակ է պետք, քանի որ արխիվը շատ մեծ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը կարող է համաներմամբ ազատ արձակվել, եթե տեղեկանք ներկայացնի, որ արցախյան պատերազմի մասնակից է: Այդ տեղեկանքը ոչ Հայաստանի, ոչ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները չեն տալիս, թեեւ մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցն ու Պարգեւ Սրբազանը, վկայում են, որ Հացպանյանն իրոք մասնակցել է պատերազմին:
Հարցին, թե ինչ գնահատական կտաք, իշխանությունների այս դիրքորոշմանը, Հասմիկ Թորոսյանը պատասխանեց. «Ես գնահատական չեմ ուզում տալ: Կան վկայություններ, որոնք օրենքով սահմանված կարգով պետք է գնան արդարադատության նախարարություն եւ դրանք գնում են այնտեղ: Պետք է գնան Հայաստանի, եւ ԼՂՀ պաշտպանության նախարարություններ եւ գնում են»:
Դիտարկմանը, թե կան նաեւ վկայություններ, որ անձամբ Սերժ Սարգսյանը ազատամարտի տարիներին բազմաթիվ անգամ տեսել է Հացպանյանին ազատամարտիկների շարքում, զենքը ձեռքին եւ հիմա արդյո՞ք աբսուրդ չի, որ պետք է նրան ապացուցել մի բանում, որը նա իր աչքով է տեսել, Հասմիկն արձագանքեց. «Աբսուրդ շատ բան կա մեր կյանքում: Նման հարցադրում դնելը անիմաստ է: Մենք բոլորս ուզում ենք օրինական երկիր ունենալ: Ոչ ոք չի ասում, որ Սերժ Սարգսյանը չի ուզում ազատ արձակել իմ ամուսնուն: Մենք ընդամենը ասում ենք, թե ի՞նչ է պետք, որպեսզի Ս. Հացպանյանն օրենքով ազատ արձակվի: Մեզ ասում են բերեք վկայություններ, մենք էլ մի քանի տասնյակ վկայություններ ենք բերել: Մենք կարծում ենք, որ պաշտպանության նախարարությունը իրավասու է ելնելով արխիվային տվյալներից եւ գրավոր վկայություններից, տալ տեղեկանք, որ ամուսինս մասնակցել է ազատամարտին»:
Նա նաեւ ընդգծեց, որ այս ամենում անձնական վրեժխնդրություն չի տեսնում: «Ոչ ես ոչ մի բան չեմ տեսնում, ես ուզում եմ օրենքը գործի, եւ ամեն բան արվի օրենքով»:
Հասմիկը նաեւ տեղեկացրեց, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի օգնականն իրենց ասել է, որ կարգն այնպիսին է, որ եթե իրենց արխիվում չկա վկայություն, որ որեւէ մեկը մասնակցել է ազատամարտին, ապա նրա ազատամարտիկ ընկերներից հավաքվում է 5 գրավոր վկայություն, որի առկայության դեպքում նախարարությունում տարին մեկ անգամ նիստ է կայանում, եւ եթե այդ վկայությունները համարվում են արժանահավատ, այդ մարդուն տալիս են տեղեկանք` նրա ազատամարտի մասնակից լինելու վերաբերյալ: Բայց ասել են նաեւ, որ այդ նիստը կայանալու է հոկտեմբերին, որը ուշ է, քանի որ համաներման վերջին ժամկետը սեպտեմբերի 30-ն է:
«Ես հավատում եմ, որ արխիվում փաստաթղթեր չկան, քանի որ ոչ ոք ֆրանսիայի քաղաքացուն չէր գրանցի որպես պատերազմի մասնակից, բայց վկայությունները շատ-շատ են»,- նշեց Հասմիկը:



















