ՀՀ Ազգային Ժողովում հունիսի 28-ին տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությունը, որին մասնակցել եւ Համաժողովն օրհնել է Գարեգին Բ կաթողիկոսը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Համաժողովին մասնակցում են 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ:
Մինչ բացման արարողությունը համաժողովի մասնակիցները ծաղիկներ են դրել 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետեւ ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում իր աշխատանքն է սկսել 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը:
Իր ողջույնի խոսքում Գարեգին Բ-ն խոսել է հայ-վրացական եկեղեցական փոխհարաբերությունների մասին, կարեւորելով Վրաստանի հայոց թեմին իրավաբանական պատշաճ կարգավիճակ տրամադրելու եւ հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրները, ինչպես նաեւ հույն եւ հայ պատրիարքությունների միջեւ Երուսաղեմում պարբերաբար ծագող անհասկացողությունները, հույս հայտնելով, որ դրանք հնարավոր պիտի լինի հարթել երկխոսության եւ փոխադարձ հասկացողության եղբայրական ոգով:
«Մեզ հավասարապես հուզող խնդիրներից է նաեւ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը, որոնք տարբեր կերպով արտահայտված են Սերբիայի, Կիպրոսի եւ այլ հարցերում Համաժողովի պաշտոնական փաստաթղթերում: Հիշյալ դիրքորոշման հետ է կապված այն իրողությունը, որ 1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովը առաջինն էր, որ Աթենքի կոնֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը»,- ասել է նա:




























