ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Բրայզային Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պարգեւատրել է «Ոսկե գեղմ» շքանշանով։ Ինչպես պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին, Բրայզան շատ բան է արել ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ բարեկամության ամրապնդման համար։

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Բրայզային այն օգնության համար, որը նա ցուցաբերել էր դեռ 2004 թ-ին՝ Աջարիայի խնդրի լուծման հարցում։ «Այսօր, ԱՄՆ-ը եւ Վրաստանը հավասարազոր գործընկերներ են, չնայած շատերը ծիծաղում են. ինչպես կարող են գործընկերներ լինել այդպիսի հսկա երկիրն ու Վրաստանը։ Սակայն, գործընկերությունը, ինչպես եւ մեր բարեկամությունը, ստեղծվել են ժողովրդավարական արժեքներով։ Դա կախվածություն ունեցողի եւ մեծ տերության հարաբերություն չէ, այլ գործընկերների հարաբերություն է, որը կառուցվել է փոխադարձ հարգանքի վրա»,-նշել է Վրաստանի նախագահը, ընդգծելով՝ թե այս հարաբերությունների կարգավորման հարցում իր դերն է խաղացել Բրայզան, որը ակտիվորեն աջակցում էր երկու երկրների մերձեցմանը։

Իր հերթին, Բրայզան շնորհակալություն է հայտնել նախագահից՝ պարգեւի համար։ Նա ընդգծել է, որ իր լուման համեստ է, բայց նա շնորհակալ է գնահատականի համար։ Բրայզան 5 տարիների ընթացքում եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը եւ հաճախ էր այցելում Վրաստանը։ Նա ակտիվ քայլեր էր ձեռնարկում երկու երկրների մերձեցման համար։ Արժե նշել, որ Բրայզայի մասնավոր այցերը Վրաստան վրացական հումորային հեռուստահաղորդումներում մշտական թեմա էր դարձել։ Վերջերս, մի շարք վրացական լրատվական աղբյուրներ հաստատել են Մեթյու Բրայզայի Ադրբեջանում դեսպան նշանակվելու տեղեկությունը։