Օգոստոսի 13-15-ը «Ոսկե Ծիրան-ը անիվների վրա» երկրորդ անգամ կհյուրընկալվի Ջավախքում, որի շրջանակներում Ախալքալաքում կցուցադրվի 6-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին՝ այդ թվում միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացած վրաց ռեժիսոր Գեորգի Օվաշվիլու «Մյուս ափը» ֆիլմը, ինչպես նաեւ Հարություն Խաչատրյանի «Սահմանը»:
Ծրագիրը կբացվի Ջավախքի մշակութային կենտրոնում, օգոստոսի 13-ին, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույն»-ի ցուցադրությամբ՝ նվիրված ֆիլմի ստեղծման 40 ամյակին։ Առաջին ֆիլմաշարում ներկայացված են տասը ֆիլմ, որոնց թվում վերոնշյալ ֆիլմերից բացի ցուցադրվելու են նաեւ հայկական եւ վրացական վավերագրական ֆիլմեր։
Ինչպես այսօր լրագրողներին ասաց կինոռեժիսոր Արա Խանջյանը, ծրագրի համար ընտրված են հայալեզու եւ ռուսալեզու ֆիլմերը, քանի որ օտարալեզու ֆիլմերը «Ոսկե Ծիրան» փառատոնի ընթացքում միշտ ենթագրերով են ցուցադրվում,իսկ ջավախքցիների համար այդպիսի ֆիլմերի ընկալումը բարդ կլինի։ «Ջավախքում երկար ժամանակ ֆիլմեր չեն ցուցադրվել։ Նրանց մոտ մեծ հետաքրքրություն կա հայկական ֆիլմերի նկատմամբ, մանավանդ` հին ֆիլմերի։ Ժողովուրդը գալիս է ընտանիքներով, երեխաների հետ եւ քանի որ գոյություն ունի Ջավախքի գործավարության լեզուն հայերեն դարձնելու խնդիրը, այդ պատճառով էլ գրեթե բոլոր ֆիլմերը հայերեն են»,-ասաց նա` հավելելով, որ նման ծրագրերը անպայման պետք է տարածվեն եւ բացվեն նորանոր կինոփառատոններ, քանի որ Ջավախքը եւ Ախալքալաքը մշակութային կյանքի աշխուժացման կարիք վաղուց ունեն։
Գործարար Սոս Սահակյանն էլ ընդգծեց. «Ջավախքը եւ Ախալցխան անուշադրության եւ մոռացության են մատնված։ Բարի օրինակը վարակիչ է ու ոգեւորիչ շրջապատի համար։ Այս առումով վրացիների կողմից արտադրության եւ մշակութային կյանքի ակտիվացման իմաստով շրջադարձային մոտեցում է նկատվում»:



























