Արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հարեւան Ադրբեջանը անցած դարասկզբին աշխարհի քարտեզի վրա հայտնվելուց անմիջապես հետո փորձում է իր համար պատմություն գրել, ավելի ճիշտ, սեփականացնել հարեւան ժողովուրդների պատմությունը՝ իրեն նրանց կողքին դնելու համար:
Այսպես, ադրբեջանցի «պատմաբանների եւ հետազոտողների» գրչի տակից պարբերաբար դուրս են գալիս տարածաշրջանի գիտական եւ մշակութային կյանքի նորանոր «գլուխգործոցներ»: Բայց պատմությունը շարադրելու իմաստը ոչ միայն այն է, որ «ջնջեն ոչ պետքականը», այլեւ՝ «պատմական» բացահայտումներ անեն: Այսպես, ադրբեջանական հնագետները հետին թվով սենսացիոն բացահայտում են արել, թե Շուշին ադրբեջանական ժողովրդի էթնոգենեզի ծննդավայրն է, որտեղ դեռ դինոզավրերի ժամանակներից բնակվում էին ինչ-որ ծնոտավոր նախամարդիկ՝ ադրբեջանական ժողովրդի նախնիները:
Եւ հիմա նոր հրաշալի հայտնագործություն: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, ադրբեջանցի գրող եւ հետազոտող Նուրիդա Ատաշին հայտարարել է, թե «ամազոնուհիների պատմության ուսումասիրման արդյունքում հայտնաբերվել է որ գոբուստանյան „Անա զագա“ եւ „Եդի գյոզալ“ քարանձավներում բնակվել են ամազոնուհիներ, իսկ նրանց հնագույն բնակավայրերից մեկը տեղակայվել է Ադրբեջանի Գախի շրջանի Սարիբաշլար գյուղի մոտակայքում»:
Որպես իր խոսքերի ապացույց՝ Ատաշին նշում է, որ հենց գոբուստանյան կանայք են առաջինն աշխարհում վարժեցրել ցլերին: Հետազոտողը նաեւ տեղեկացրել է, թե մշակույթի ինչ-որ գերմանական ինստիտուտ՝ Նիզամի Գյանջեւիի անվան (Գյանջեւին մեծ իրանցի պոետ է, որի անունը եւս ադրբեջանցիները սեփականաշնորհել են), պատրստել է միջազգային հետազոտական նախագիծ Գոբուստանի եւ Կովկասի ամազոնուհիների մասին, որի շրջանակներում նախատեսվում է ամազոնուհիների կյանքի մասին ֆիլմի նկարահանում: «Նախագծի նպատակը կովկասյան ամազոնուհիների պատմության ուսումնասիրումն է, Գոբուստանի, որպես Ադրբեջանի ու համայն աշխարհի հնագույն մշակույթի կենտրոնի, նկատմամբ միջազգային ուշադրության կենտրոնացումը: Պաշտոնական կառույցները, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, նաեւ տարբեր երկրների մամուլը հայտարարել են այդ նախագծին իրենց աջակցության մասին»,- ասել է Ատաշին:
Մեկնաբանելով ադրբեջանական գործակալության այդ տեղեկությունը, Նիզամի Գյանջեւիի ստեղծագործությունների հայ հետազոտող, «ամազոնյան» պատմության եւ մշակույթի մեծ գիտակ Ֆրեդերիկ Աքիլեսյանը նշեց. «Իսկապես, երիտասարդ եւ առնական զինվորներին գերեվարող ադրբեջանցի արյունարբու ամազոնուհիների մասին վարկածը մանրակրկիտ ուսումնասիրվում է Նիզամի Գյանջեւիի անվան մշակույթի գերմանական ինստիտուտի կողմից: Ես նույնիսկ կասեի, որ այդ հաստատության ողջ գործունեությունը նվիրված է այդ ֆենոմենի մասին պատմական մանրամասների փնտրտուքին: Եւ գերմանացի գիտնականների համառ գիտական աշխատանքի արդյունքներն իրենց սպասել չեն տալիս: Հայտնի է, որ ամազոնուհիները, որ հին հունական առասպելաբանության մեջ միայն կանանցից բաղկացած եւ տղամադկանց տանել չկարողացող ժողովուրդ էին, հատուկ ռազմական պետություն էին ստեղծել եւ որ արշավանքների էին դուրս գալիս իրենց թագուհու գլխավորությամբ: Սերնդի պահպանման համար ամազոնուհիները կապի մեջ էին մտնում հարեւան ժողովուրդների հետ՝ նրանց ետ ուղարկելով կամ ուղղակի սպանելով արական սեռի երեխաներին, իսկ աղջիկներին պահում էին իրենց մոտ՝ պատրաստելով պատերազմի: Նիզամի Գյանջեւիի անվան մշակույթի գերմանական ինստիտուտի գիտնականները եկել են եզրահանգման, որ նշված վարքագիծը ամբողջությամբ տիրապետող է եղել գոբուստանյան „Անա զագա“ եւ „Եդի գյոզալ“ քարանձավներում: Հետազոտությունների ընթացքում դեռ չի պարզվել, թե որտեղից են առաջացել ադրբեջանցի տղամարդիկ: Վարկածներից մեկով՝ ադրբեջանցի ամազոնուհիները խղճացել են իրենց բալիկներից մեկին, որը հավանաբար ծնվել է ամազոնուհիների թագուհու եւ առնական ազիխանտրոպների արքայի կապի արդյունքում»,- ասաց Ֆրեդերիկ Աքիլեսյանը:




























