Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 29-ին ընդունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, Տ. Սարգսյանը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ։
Նրանք քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է արվել «World Ahead» ծրագրի շրջանակներում ծավալված համագործակցության ընթացքին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցների համակարգչային հագեցվածության ապահովում եւ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացում։ ՀՀ վարչապետն ընդգծել է «Ինտել» կորպորացիայի հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման կարեւորությունը, ինչը ողջունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահը։
Խոսելով «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում Սիլիկոնային հովիտ կատարած այցի մասին` կառավարության ղեկավարն անդրադարձել է վենչուրային հիմնադրամների գործունեությանը եւ կարեւորել «Ինտել» կորպորացիայի փորձի կիրառումը Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման գործում։
Կառվարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած էլեկտրոնային հասարակության հայեցակարգի վերաբերյալ։ Վարչապետը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործող Էլեկտրոնային կառավարման խորհրդին կից գործում է Խորհրդատու մարմին եւ հրավիրել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին` մասնակցելու դրա աշխատանքներին։


























