Հայկական քաղաքական կյանքի հետհանրաքվեային շրջանը բնորոշվում է սուր բանավեճով երկու հետեւյալ հարցերի շուրջ. Ինչի՞ համար էին կալանավորվել համաներումով ազատ արձակված ընդդիմադիրները եւ ինչու նրանց ազատ արձակեցին։
Ընդդիմությունը արդարացիորեն ենթադրում է, որ համաներման որոշումը պայմանավորված է եվրոպական կառույցների ազդեցությամբ։ Իշխանությունները դա չեն թաքցնում եւ իրենց արհամարական պահվածքով հասկացնում են, որ «համաներվածներին» կրկին բանտարկելը դժվար գործ չէ, իսկ նրանց ժամանակավոր ազատությունը տուրք է ներքաղաքական կայունությանը ։
Մինչեւ, համաներումով ազատարձակված ընդդիմադիրները ինքնամոռացությամբ շնչում են երեւանյան բազմաթիվ երթուղային տաքսիների աղտոտած ազատության օդը, ընդդիմադիր ճամբարում շարժումը թափ է հավաքում։
Ընդդիմադիր դաշտում իրեն գլխավոր բեւեռ դիտող Լեւոն Տեր-Պետրոսյանը խոշորացույցով ուսումնասիրում է «Դաշնակցության» ընդդիմադիր լինելու աստիճանը՝ իշխող կոալիցիայի նախկին անդամից իշխանությունների վրա իրական, ոչ երկիմաստ հարձակումներ ակնկալելով ։ «Ժառանգությունը» իր հերթին, զարգացնում է մարտական, բայց մասամբ ամբոխավարական ակտիվություն՝ փորձելով ապացուցել հասարակությանը, որ կարեւորը պատերազմը չէ, այլ խորամանկություն բանեցնելը։
Ամբիցիաները մոռանալու եւ միավորվելու «ժառանգության» անժամանակ կոչը՝ հղված Հայ ազգային կոնգրեսին եւ Հայ հեղափոխական դաշնակցությանը, մնացել են անպատասխան։ կոչը նրանց սրտովը չեր մի պարզ պատճառով. մանեւրող կողմերը քաջ գիտակցում են, որ երկիրը հասցնել 2008 թվականին տիրող լարվածությանը ներկայումս հնարավոր չէ։ Նախ, համապատասխան առիթ չկա, հետո էլ՝ ամռանը ընդունված է մտածել ավելի կենցաղային խնդիրների շուրջ, օրինակ՝ որտեղ թաքնվել կիզիչ արեւից՝ «ջրառատ» Սեւանում, թե ամեն պահի ռուսական ռազմական օդանավերի հարվածներին սպասող Բաթումում։ Եվ այսպես, առաջադրված է մարաթոնի կոնցեպցիան, որն ընդդիմադիր ուժերը գովաբանության արժանի համառությամբ հաղթահարում են։ Դեռ՝ հաղթահարում են առանձին-առանձին։ Վազքը, ինչպես հայտնի է, անհատական սպորտաձեւ է։ Թե ընդդիմությունը երբ կզբաղվի մի որեւէ թիմային մարզաձեւով՝ այսօր անհնար է կանխատեսել։
Նույնը չես ասի իշխանություններին մասին: Ամեն մեկին իր «բաժինքը» տալով. ընդդիմադիրներին՝ ազատություն, եվրոպացիներին՝ իրենց բյուրոկրատական մեքենայի պահանջների մասնակի բավարարում, Հայաստանի իշխանությունները ջանադրաբար իրագործում են քաղաքական նոր նախագիծ։ Քաղաքական նոր հիմք է գցվում, որի վրա հետագայում կարող է հենվել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իշխող կոալիցիայի հատուկ «ազգագրական» թեւ համարվող «Դաշնակցությանը» փոխարինելու է գալիս հնչեղությամբ նույնչափ «ազգագրական» քաղաքական միավորում՝ «Արմենական» ռամկավար-ազատականը։ Նույնիսկ, ավելի լավ է հնչում։ Ամեն ինչ իր տեղում է, կարեւորը տրամաբանական է ու ժամանակին։ NEWS.am-ի աղբյուրների համաձայն, քաղաքական նոր ուժը կգլխավորի անձամբ ՀՀ վարչապետը։ Դա իմիջիայլոց, միայն այն դեպքի համար, եթե հանկարծ հարկահավաքությունից դժգոհ, սակայն դեռեւս չկողմնորոշված Գագիկ Ծառուկյանը եւս որոշի իր ուժերը փորձել «մարաթոնյան վազքում»։



























