Թուրքիան կոչ է արել Իրանին որքան հնարավոր է շուտ վերականգնել բանակցությունները արեւմտյան երկրների հետ` ուրանի փոխանակման վերաբերյալ:

«Եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք ուղիղ մեկ տարի հետո: Նախագահ Ահմադինեջադը նշել է  օգոստոս ամիսը, բայց մենք կցանկանայինք, որ բանակցությունները սկսվեն ավելի շուտ»,- ըստ «Անադոլու» գործակալության՝ ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բուրաք Օզուգերգինը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, թե Իրանը մինչեւ օգոստոս սառեցնում է ուրանի փոխանակման վերաբերյալ բանակցությունները «վեցյակի» շրջանակներում:

Իրանի նախագահը նախապայմաններ էր առաջ քաշել Իրանի միջուկային ծրագրի զարգացման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Պայմաններից մեկը վերաբերում էր Իսրայելի միջուկային ծրագրի նկատմամբ կողմերի դիրքորոշումների հստակեցմանը, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին հավատարիմ լինելուն: