Ադրբեջանին ձեռնտու է արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը: Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Ադրբեջանի համար շատ ձեռնտու է խոսել իր տառապյալ վիճակի մասին, նախապատրաստել միջազգային հանրությանը այն բանին, որ իրենց ճնշում են, որ իրենք իրավունք ունեն վերականգնել արդարությունը: Նրանք հող են նախապատրաստում, որ հենց լուրջ խնդիրներ ծագեն եւ միջազգային միջամտություն լինի, Ադրբեջանն էլ իր հարցերը լուծի եւ բավարարվի ոչ միայն Արցախով եւ Նախիջեւանով, այլեւ Զանգեզուրով, Արարատյան դաշտով եւՍեւանը կիսելով»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիների համար ռազմավարական տեսանկյունից դա շատ կարեւոր է: Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանին հաջողվում է իրագործել իր ծրագիրը, քանի որ հետեւողականորեն աշխատում են միջազգային հանրության հետ` համապատասան կարծիք ստեղծելու ուղղությամբ: Իսկ Հայաստանը, քաղաքական գործչի համոզմամբ, ճիշտ դիրքորոշում չի բռնել այդ գործում: Եւ ընդհանրապես՝ Պարույր Հայրիկյանը հետաքրքված է, թե որտե՞ղ եւ ո՞վ է որոշում Հայաստանի քաղաքականությունը:
«Առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ մեկի հետ շախմատ խաղալիս ինչ-որ բան էր քրթմնջում: Իսկ Սերժ Սարգսյանը որտե՞ղ է որոշումներ կայացնում»,-հռետորական հարցով իր խոսքն ամփոփեց Հայրիկյանը:


























