Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Արաբկիրի նորաստեղծ շախմատի դպրոց եւ մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մարզադպրոցի բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին: Քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Շնորհակալություն հայտնելով շախմատի զարգացման նկատմամբ քաղաքապետի ցուցաբերած ուշադրության համար ու առանձնակի կարեւորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը՝ պատասխանատուները նկատել են, որ շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների եւ պատանիների թիվը:
Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ եւս ընդգծել է, որ մայրաքաղաքում այս մարզաձեւի զարգացմանն օժանդակելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության արդյունքում շախմատի դպրոցներ են հիմնվում Երեւանի բոլոր վարչական շրջաններում. «Մենք՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ, նախաձեռնեցիք այս ծրագրի իրականացումը, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կունենան առանձին շախմատի դպրոցներ: Այս տարվա ծրագրով Արաբկիրից բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւս շախմատի դպրոցն արդեն իսկ շահագործման է հանձնվել, առաջիկայում շախմատասեր մեր փոքրիկներին կհանձնենք նաեւ Էրեբունի, Նոր Նորք եւ Կենտրոն վարչական շրջաններում կառուցված դպրոցները: Ըստ էության, առայժմ մայրաքաղաքի 4 վարչական շրջաններում դեռեւս չունենք շախմատի դպրոցներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ կնախաձեռնենք արդեն հաջորդ տարի»,- նշել է Տարոն Մարգարյանը:



























