Դատողությունները, թե Հայաստանում ընդդիմություն են իշխանափոխություն պահանջող ուժերը, լիակատար ապուշություն է, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Տեսեք, թե ինչի են հասել իշխանափոխություն պահանջող ուժերը: Հիշեք «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին, որը բառացիորեն ամեն օր պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին: Ի՞նչ են անում նրանք: Իսկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ժամանակին իշխանափոխության կոչերով պառկում էր ռելսերին, իսկ այժմ բարեհաջող զբաղեցնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- նկատել է Հովհաննիսյանը:
Խոսելով կառավարող կուսակցությունների մասին՝ պատգամավորն ընդգծել է, թե նրանք իշխանության կցորդն են դարձել՝ ինչ-որ հայտարարություններ անելու համար սպասելով հրահանգների:
Ինչ վերաբերում է իշխանություններին, Հովհաննիսյանի կարծիքով, նրանք առաջին հերթին շեշտը պետք է դնեն ներքին խնդիրների լուծման վրա, քանի որ այնպիսի թույլ կառավարող վարչախումբ, ինչպիսին Հայաստանում է, ստիպված է զիջումների գնալ միջազգային հանրության պարտադրած տարբեր հարցերում:




























