5500 տարվա պատմություն ունեցող հնագույն կոշիկը Արենիի քարանձավներից պեղվել է 2008-ին, սակայն դրա մասին բարձրաձայնվում է միայն 2 տարի անց: Այս կապակցությամբ NEWS.am-ը Հայաստանի ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդ մասին միայն 2 տարի անց խոսվում, ինչին վերջինս արձագանքեց. «Թեեւ կոշիկը Արենիի քարանձավներից պեղվել է 2008-ին, սակայն «գտածոյի երաշխավորված թվագրության տվյալները ստացվել են միայն 2009-ին, հետեւաբար դրա մասին հայտարարելու իրավունք ինձ վերապահել եմ միայն 2010-ի ապրիլի 16-ին»: Նրա խոսքով, ընթացիկ տարվա ապրիլին արած իր համապատասխան հայտարարությունից հետո վաղեմի գտածոյի մասին հոդված է տպվել հայկական մամուլում։ «Մենք ժամանակին ենք հայտնել հնագույն նմուշի մասին, պարզապես արտասահմանյան մամուլում աղմուկն ավելի մեծ ստացվեց»,- նկատեց ակադեմիկոսը։
NEWS.am-ի թղթակցի մյուս դիտարկմանը, թե արեւմտյան, մասնավորապես՝ ամերիկան լրատվամիջոցները 5500 տարվա վաղեմություն ունեցող գտածոյի հայտնաբերումը վերագրում են ամերիկա-իռլանդական եւ ոչ՝ հայկական արշավախմբին, վրդովմունք առաջացրեց քննարկմանը ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մոտ, ով նշեց, որ «CNN-ի հայտարարությունը որոշ հայ լրագրողների համար կարծես Աստծո հայտնագործություն լինի»: Պավել Ավետիսյանի դիտարկմամբ էլ, դա թյուրիմացության հետեւանք է։ «Ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան հայտարարել. Դա չի նշանակում, որ մենք պետք է ընկնենք ամեն հայտարարության հետեւից։ Ավելի լավ, թող աշխարհն արձագանքի, իսկ մենք էլ լսողի դերում լինենք»,- նշեց նա։
Անդրադառնալով կոշիկի պահպանման հեղինակային իրավունքներին՝ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը նկատեց, որ կոշիկը հայտնաբերվել է աշխատանքային պրոցեսի ընթացքում, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով գտածոյի առաջին օգտագործման իրավունքը պատկանում է արշավախմբի ղեկավարին, այս դեպքում՝ Բորիս Գասպարյանին։ «Հնագիտական գտածոն սկզբնաղբյուր է, իսկ սկզբնաղբյուրը նրա համար է, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է զբաղվել գտածոյի ուսումնասիրությամբ, պահպանի հղումների էթիկան»,- նկատեց նա։
Ամփոփելով՝ Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ հնագույն նմուշը, օրենքով սահմանված կարգով, ներկայումս գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։ «Կոշիկը, սակայն, շուտափույթ կերպով կոնսերվացման կարիք ունի, հակառակ դեպքում 5-7 տարվա ընթացքում կճաքճքի, իսկ 10-15 տարուց ամբողջությամբ կարող է ոչնչանալ, մինչդեռ գտնելու պահին կոշիկը բավական ճկուն էր»,- տեղեկացրեց հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայկական կողմը բանակցություններ է վարում կաշվի կոնսերվացման մեջ մասնագիտացած աշխարհահռչակ մի շարք ինստիտուտների հետ։ «Երբ որ հասկանանք, թե ի՞նչ պայմաններով նրանք կհամաձայնեն անել դա (մեզ համար գուցեեւ բացարձակ անվճար), կոշիկը կհանձնվի համապատասխան ինստիտուտին, որն էլ 4-6 ամսում կավարտի կոնսերվացման աշխատանքները»,- ամփոփեց նա։
Նշենք, որ պղնձեքարեդարին պատկանող 5500 տարվա պատմություն ունեցող հնագույն կոշիկը Արենիում հայտնաբերվել էր երկու տարի առաջ։




























