«Եթե Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն լրագրողներին համարում է իրենց գործընկերը, ապա իշխանությունները լրագրողներին համարում են մեր հանցակիցները»,- հայտարարել է այդ կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը եւ որպես ասվածի վառ վկայություն բերել «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ տեղի ունեցած հաշվեհարդարը:
«Այն ծայրից ծայր կարելի է ոչ միայն քաղաքական հետապնդում գնահատել, այլ նաեւ ուղղակի մարդու նվաստացում, տանջանք ու խոշտանգում»,- նշել է նա՝ հավելելով, որ կոնկրետ Ա. Բաբաջանյանի պարագայում ՀՀ իշխանությունները ամենացայտում եւ ամենաարտառոց կերպով ցույց տվեցին իրենց անմարդկային դեմքը, որի մասին պետք է բարձրաձայնել ամեն առիթով եւ ցույց տալ նրանց ամբողջ «գարշելիությունը»:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող: Վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը համառորեն հրաժարվում էր քննել Բաբաջանյանի հարցը, սակայն օգոստոսի 4-ին նրան ազատ են արձակել:



















