Թեհրանի հայոց ազգային «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի դահլիճում հունիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած հավաքում ներկաները կրկին բողոքել են Թեմական եւ Կրթական խորհուրդների հակականոնադրական եւ հակապատգամավորական ժողովի կիրառած ընթացքի դեմ: Այս մասին գրում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը:
Ըստ այդմ, Թեհրանի Թեմական խորհուրդը ինքնագլուխ «ընթացքի մեջ է դրել «Սահակյան» դպրոցի տեղափոխման եւ «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի միատեղման աշխատանքները», ինչի հետեւանքով դպրոցի աշակերտության ծնողները միահամուռ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Թեմական եւ Կրթական խորհուրդների դեմ:
Երեկ կայացած հավաքի վերջում Հայոց ազգային «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի աշակերտուհիների ծնողները ուղերձ են հղել Պատգամավորական ժողովի Դիվանին, որտեղ մասնավորապես ասվում է. «Ի հետեւումն Պատգամավորական ժողովին հղված մեր վերջին նամակի՝ հայոց ազգային «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի տեղափոխման կապակցությամբ հավաքված դպրոցիս ծնողների ստորագրությունները եւ այն, որ մինչ օրս հստակ որեւէ դրական փոփոխություններ դեռ չենք նկատել, «Ռոստոմ» դպրոցի ծնողները իրենց բողոքն են հայտնում դպրոցիս՝ «Արաքս» դպրոց փոխադրելու կապակցությամբ եւ խնդրում ենք, չոտնահարել դպրոցի աշակերտուհիների եւ ծնողների շահերն ու ցանկությունը:
Պատկան մարմինները օր առաջ պետք է հետեւեն մեր բողոքներին»:
Այս բողոք-նամակին կցված են 73 ստորագրություններ:



























