Իշխանության կարոտախտով տառապելը ծանր հիվանդություն է, բայց այդ վիճակից դուրս գալու համար կան քաղաքակիրթ պայքարի ձեւեր, որոնցից մեկը ուրիշներին քննադատելով՝ էժանագին դիվիդենտներ հավաքելը չէ: Այդ մասին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը:
ՀՅԴ-ական պատգամավորը հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով հրաժարականներ պահանջելու թեմային, ասել էր. «Հիշում ենք, թե Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանն ինչքան էին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Արթուր Բաղդասարյանը ռելսերին էր պառկում... ինքնազոհության էր գնում։ Ո՞ւր են իրենք հիմա»:
«120-ամյա կենսագրություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչին պատիվ չի բերում հենց իրենց քաղաքական պայքարը իջեցնել ռելսերի մակարդակին՝ իրականացնելով անդեմ քաղաքականություն՝ «ո՛չ նալին, ո՛չ մեխին» սկզբունքով: Արթուր Բաղդասարյանը երբեք ռելսերին չի պառկել, արժանապատիվ հրաժարական է տվել, արժանապատվորեն էլ դիմակայել բոլոր ճնշումներին, այն դեպքում, երբ ՕԵԿ-ի շարքերում չթողեցին ոչ մի գործարար եւ պաշտոնյա: Մի՞թե ակնհայտ չէ տարբերությունը նախկին ընդդիմադիր ՕԵԿ-ի եւ ներկայիս ընդդիմադիր ՀՅԴ-ի միջեւ»,- նշել է Բիշարյանն ու հեգնանքով հավելել. «Դե՛, Վահանն է, էլի՛, իրեն որտեղի՞ց այդքան համարձակություն, որ վտանգի տակ դնի իրենց գործարարներին, իշխանությունից առայսօր պահպանած չալաղաջ պաշտոնները եւ, ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ, պահանջի նախագահի հրաժարականը: Բա նախագահը չի զայրանա՞, ու ասի՝ բա մեր պայմա՞նը, ընկե՛ր Վահան»:



























