Զբոսաշրջությունն իրականում շատ կարեւոր դեր ունի. զբոսաշրջության համար մարդիկ են պետք, եւ ես տարբեր զբոսաշրջային ընկերություններին առաջարկում եմ օգտվել Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականությունից եւ տուրեր կազմակերպել երկիր: Այս մասին նոյեմբերի 7-ին «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» միջտարածաշրջանային զբոսաշրջային երթուղու բացմանը հայտարարել է ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նշենք, որ ծրագիրը ներառում է չորս երկիր՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա եւ Հունաստան:

«Մենք այս օրվան շատ երկար ենք սպասել: Շնորհավորում եմ այստեղ ներկա բոլոր գործընկեր կողմերին: Երբ ծրագիրն արդեն մեկնարկի, ակնհայտ կդառնա, որ այդ 4 երկրներն ավելի շատ նմանություններ ունեն, քան տարբերություններ: Ծրագիրը տարածաշրջանային շատ կարեւոր նախաձեռնություն է», - նշել է Ջոն Հեֆերնը: Դեսպանը հավելել է, որ եղել է Հայաստանի բոլոր մարզերում եւ ամենուր տեսել  հիանալի պատմական հուշարձաններ: «Նախագծի շնորհիվ նշված հուշարձանները հասնելի կդառնան ողջ աշխարհում: Սա ծրագրի երկրորդ կարեւոր կողմն է», - ընդգծել է Ջոն Հեֆերնը:

Պետք է նշել, որ սա միջտարածաշրջանային չորս միջոցառումներից առաջինն է. Մյուսներն անցկացվելու են Վրաստանում, Թուրքիայում եւ Հունաստանում: «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը» 3000 կմ-անոց երթուղի է, որը մեկնարկում է Սալոնիկից (Հունաստան) եւ ավարտվում Մեղրի քաղաքում (Հայաստան): Միջանցքը ներառում է շուրջ 150 տեսարժան վայր: