Հայաստանում այլընտրանքային էներգիա եւ կենսագազ ստանալու հնարավորություններ շատ կան, սակայն այդ հնարավորությունները գրեթե չեն կիրառվում: NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական գիտությունների այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասնագիտությունների գծով դոկտոր- պրոֆեսոր Էռնեստ Ղազարյանը տեղեկացրեց, որ գյուղերում գազամատակարարման հարցը կարելի է լուծել գոմաղբից կամ թռչաղբից կենսագազ ստանալու միջոցով։

«Եթե համեմատելու լինենք կենտրոնացված գազամատակարարումը եւ գոմաղբից ստացվող կենսագազի տարբերությունները, ապա կարող ենք ասել, որ երկրորդի պարագայում ստացվում է անվճար գազ, այսինքն` մարդը վճարում է միայն նախնական սարքավորումը ձեռք բերելու համար»,- ասաց պրոֆեսոր Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով` Հայաստանի գյուղերում կուտակվող գոմաղբի քանակն ամբողջությամբ բավարար է, գյուղի ինքնագազամատակարարման խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ 1 կգ գոմաղբից ստացվում է 0,25 խմ կենսագազ, իսկ թռչնաղբը 1,5 անգամ ավելի շատ գազ է ապահովում մշակման դեպքում։ Ի դեպ նշենք, որ ստացվող կենսագազում մեթանի քանակն ավելի շատ է լինում, քան երկրի ընդերքից արդյունահանվող գազում։ Ղազարյանի տեղեկացմամբ՝ գոմաղբից  կենսագազ ստանալու համար, անհրաժեշտ միայն 5 տոկոս գոմաղբ եւ 95 տոկոս ջուր։ Ըստ նրա՝ արտասահմանում արդեն վաղուց գոմաղբը դարձել է կոմերցիոն ապրանք. կենսագազի ստացումից հետո մնացած մշակված գոմաղբը շատ ավելի օգտակար պարարտանյութ է դառնում, որի կիլոգրամը տնտեսվարողները վաճառում են 4-5 դոլարով։

Ղազարյանի խոսքով` օրինակ` Գերմանիայի գյուղերում արդեն վաղուց գործում են   գերմանացի և այլ երկրների, այդ  թվում նաև հայ մասնագետների համատեղ մշակված տեխնոլոգիայով աշխատող կենսագազակայաններ, ինչի շնորհիվ, որոշ գյուղեր ընդհանրապես հրաժարվել են կենտրոնական գազամատակարարումից եւ սպառում են միայն գոմաղբից ստացվող կենսագազ:

 «Հայաստանում հնարավոր է պատրաստել նման սարքավորում ոչ միայն մետաղից, այլեւ բետոնապատ փոսում, որը շատ ավելի քիչ ծախսեր է պահանջում: Ցանկացած տնային տնտեսությունում սա կարելի է տեղադրել, մեծ գումարներ չեն պահանջվում»,-ասաց Ղազարյանը։

Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանում կենսագազի օգտագործման համար գյուղական տնտեսությունները կարող են միավորվել, եւ միասին լուծել կենսագազի սարքավորման տեղադրման ծախսերը, իսկ տեխնոլոգիան ավելի մասսայական եւ մատչելի դարձնելու խնդիրն արդեն պետք է հետաքրքրի կառավարությանը, որը պետք է շահավետ պայմաններ ստեղծի գյուղական տնետսություններում կենսագազի ստացման սարքավորումների կառուցման համար։

Կենսագազի պարզագույն սարքավորման սխեմա

1 - ռեակտոր, 2 - բեռնման բունկեր, 3 – դռնակ, 4 - ջրային փական, 5 - բեռնաթափման խողովակ, 6 - կենսագազի ելք