Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոնում` ԱՄՆ-ի «Սիլիկոնային հովտում» Հայաստանը ներկայացուցչություն կբացի այս տարվա սեպտեմբերին: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը` ավելացնելով, որ ստեղծվելիք ներկայացուցչությունը ունենալու է մի շարք գործառույթներ, որոնցից հիմնականը լինելու է հայաստանյան ընկերությունների եւ «Սիլիկոնային հովտում» գործող ընկերությունների միջեւ կապը ապահովելը:
«Այս ներկայացուցչությունը մեզ հնարավորություն կտա հետեւել եւ տեղեկանալ բնագավառում տեղի ունեցող աշխարհի նորագույն զարգացումներին եւ տարբեր տեսակի օժանդակություն ցուցաբերել տեղական ընկերություններին»,- ասաց Կիրակոսյանը:
Նրա խոսքով` մասնավորապես նախատեսվում է համագործակցություն սկսել «Սիլիկոնային հովտում» գործող Plugandplay ինկուբատորի հետ:
«Մենք այդ փորձը արդեն ունենք` Կանադայում, Ավստրիայում, երբ հայկական ընկերությունների ներկայացուցչություններ ենք հիմնել եւ շատ հաջողակ համագործակցություն է կայացել այնտեղի եւ հայաստանյան ընկերությունների միջեւ»,-ասաց Կիրակոսյանը`ավելացնելով, որ շնորհիվ այդ համագործակցության` մի քանի տեղական ընկերություններ իրենց շրջանառությունը բավականին լուրջ մեծացրել են:
Վ. Կիրակոսյանը հույս հայտնեց, որ «Սիլիկոնային հովիտում» ստեղծվող ներկայացուցչությունը էլ ավելի հաջողակ կլինի, քանի որ այն աշխարհի տեխնոլոգիական կենտրոնն է:
Տեղեկացնենք, որ նախապես պլանավորված էր ներկայացուցչությունը բացել 2009թ. ընթացքում, սակայն ճգնաժամի պատճառով այն հետաձգվեց:




























