Վերջին ամիսներին ինտերնետի շուկայում ծավալված մրցակցությունը կարծես թե շուկայից դուրս է մղում պրովայդերների մի մասին, սակայն «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն ասում է, որ իրենց ընկերությունը չի փակվի: NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում Ալեքսանյանն ասաց, որ ինտերնետ ծառայություններ մատուցելը աստիճանաբար դառնում է ոչ ձեռնտու եւ բիզնեսի տեսակետից անհետաքրքիր, ուստի ընկերությունը կարող է փոխել իր գործունեության ուղղվածությունը:
«Մենք սկզբունքորեն մեր ներդրումները ժամանակավորապես դադարեցրել ենք, փորձում ենք հստակեցնել, թե հետագայում որ ուղղությամբ ենք շարժվելու»,- ասաց Ալեքսանյանը` ավելացնելով, որ ընկերությունը հետագա ուղղությունները հստակ որոշելուց հետո միայն ավելի հզոր միջոցներ կներդնի եւ կշարունակի աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` օգտագործելով իր գոյության 20 տարիների ընթացքում ստեղծած ցանցը եւ ենթակառուցվածքը:
«Կամաց-կամաց ինտերնետից օգտվող մարդկանց թիվը էլ ավելի է ավելանում Հայաստանում, ուստի առավել շատ է կարեւորվում նոր գծեր անցկացնելու եւ ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը»,-ասաց «Արմինկոյի» գլխավոր տնօրենը` ավելացնելով, որ ընկերությունը, օրինակ` կկարողանա նման գծեր տրամադրել, որի կարիքը գնալով ավելի է մեծանում:
Դրան զուգահեռ «Արմինկո»-ն ինտերնետում կսկսի գործունեություն ծավալել հայերեն բովանդակություն ստեղծելու ուղղությամբ, ինչը էլ ավելի կմեծացնի հայկական ինտերնետային ռեսուրսներից օգտվողների թվաքանակը:
«Այժմ ինտերնետում առկա ռեսուրսների շատ քիչ մասն է հայերեն, իսկ ինտերնետում հայերեն բովանդակության շատացումը կբերի նրան, որ մարդիկ կսկսեն օգտվել հայերեն ռեսուրսներից` գտնելու համար իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: Ինտերնետը կդառնա կենցաղի անբաժանելի մաս եւ կօգնի մարդկանց` լուծել առօրյա խնդիրները»,- ասաց Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով` հայաստանյան պրովայդերների ապագան կորոշի շուկան, որտեղ չեն կարող լինել միայն ինտերնետ մատակարարող խոշոր ընկերություններ:
«Օվկիանոսում պետք է լինեն եւ մանր ձկներ, եւ միջին ձկներ, եթե մնան միայն մեծերը` իրար կուտեն, այսպես թե այնպես պետք են գոնե 20-30 տոկոս նաեւ փոքրեր»,- ասաց Ալեքսանյանը:
Լուսինե Մովսիսյան



























