Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններն այնքան բարձր մակարդակում են, որ հնարավոր է փոխադարձ պայմանավորվածություններով չեզոքացնել բոլոր ռիսկերը։ Այս մասին նոյեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարե է վրացագետ Ալիկ Էրոյանցը։

Ըստ նրա՝ եթե Վրաստանի նախորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականությունը համեմատենք ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետ, ապա երկրի գործող իշխանությունների նախաձեռնած հավասարակշռված քաղաքականության շրջանակում այն ռիսկերը, որոնք կարող էին որոշակի բացասական ազդեցություն ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա, կարծես թե վերացվել են։

«Սկսած նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարության նպատակահարմարության, ինչպես նաեւ Աբխազական երկաթուղու աշխատանքի վերասկսման հարցի վերաբերյալ հայտարարություններից,  այդ ռիսկերը չեզոքացվել են», - նշել է Ալիկ Էրոյանցը: Փորձագետը հավելել է, որ ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հարաբերությունները զարգացնել նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում եւ Վրաստանի եվրաասոցացման դեպքում: «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները այնքան բարձր մակարդակում են, որ փոխադարձ պայմանավորվածությունների շնորհիվ հնարավոր է չեզոքացնել այդ վռիսկերը: Թե որքանով կհաջողվի, իհարկե, ցույց կտա ժամանակը», - կարծում է Ալիկ Էրոյանցը: