ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել է հյուրերին, կարեւորել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի անցկացումը եւ հույս հայտնել, որ այն երկուստեք օգտակար ու արդյունավետ կլինի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ համաժողովը, հիմք դնելով առողջապահության ոլորտում համագործակցության նոր ձեւաչափի, անկասկած, կհարստացնի հայ-ռուսական դաշնակցային գործընկերությունը եւ կնպաստի երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ առողջապահության խնդիրները բազմաթիվ են եւ առնչվում են յուրաքանչյուր մարդու, շոշափում՝ երկրների եւ ժողովուրդների սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր կողմերը: Այդ խնդիրները, նախագահի համոզմամբ, սահմաններ չեն ճանաչում, ուստի չափազանց կարեւոր է միավորել բոլոր պետությունների ջանքերը ՝ մեծ, թե փոքր, հարուստ ու զարգացած, թե զարգացող: Էբոլա համաճարակի օրինակը, որը լուրջ մարտահրավեր է ոչ միայն աֆրիկյան պետությունների համար, Սերժ Սարգսյանի խոսքով, ասվածի լավագույն վկայությունն է:

ՌԴ առողջապահության նախարարը համակարծիք է եղել, որ աշխարհում առողջապահության առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք առանց ջանքերի համատեղման, միմյանց աջակցության, ժամանակակից գիտական ձեռքբերումներին հաղորդակից դառնալու եւ փորձի փոխանակման, հնարավոր չի լինի հաղթահարել:

Վերոնիկա Սկվորցովան իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության եւ առողջապահության խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ բոլոր մասնակիցները երեւանյան համաժողովին պատրաստվել էին մանրազնին, ինչն ունեցավ իր հստակ արդյունքները. ստորագրվեցին ոլորտի զարգացման համար զգալի նշանակություն ունեցող եւ հեռանկարային մի շարք փաստաթղթեր, սերտ կապեր հաստատվեցին ՀՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի առաջատար պրոֆեսորների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համաժողովին պարբերական բնույթ հաղորդելու եւ դրա շրջանակներում շարունակելու խորացնել առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Ըստ այդմ, հաջորդ համաժողովը նախատեսված է անցկացնել Մոսկվայում: