Վրաստանի լրագրողների անկախ ասոցիացիայի (IAGJ) նախագահ Զվիադ Պոչխուան հավաստում է, որ իրեն մերժել են Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն տրամադրել, որտեղ նա պատրասվում էր մասնակցել սեպտեմբերին Դագոմիսում կայանալիք միջոցառմանը, որը կազմակերպվում է Ռուսաստանի ժուռնալիստների միության կողմից՝ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։ Ըստ նրա, Ռուսաստանի ԱԳՆ-ի բացասական որոշման մասին ինքն իմացել է օգոստոսի 11-ին։
Ըստ Պոչխուայի, կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել Ռուսաստանում լրագրողների վրա հարձակման փաստերը։ Նրա կարծիքով, լրագրողների անվտանգության տեսանկյունից հատկապես տագնապալի իրավիճակ է ստեղծվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքում, ուր արևմտյան լրագրողների մուտքը բարդանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ու ԱԳՆ-ի ներկայացուցիչների գործողությունների պատճառով, իսկ վրացի լրագրողներինը՝ ընդհանրապես անհնար է։
«Երկրների լարված քաղաքական հարաբերությունները չպետք է ազդեն լրագրողների գործունեության վրա»,- հայտարարել է ասոցիացիայի նախագահը։ Նա հայտնել է նաև, որ Վրաստանի լրագրողների անկախ ասոցիացիան դիմել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ-կազմակերպություններին, ինչպես նաև ռուսաստանցի լրագրողներին՝ Դագոմիսում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի ԱԳՆ որոշումը բողոքարկելու կոչով։




























