Թուրքիայի ռազմական դպրոցների կուրսանտներին արգելել են դիտել «Գահերի խաղը» սերիալը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Համապատասխան հոդվածը երկրի Զինված ուժերի ներկայացուցիչները ավելացրել են կրթության կանոնների մեջ:
Նման արգելքը, ըստ նախաձեռնության հեղինակների, պետք է հեռու պահի կուրսանտներին «սեռական շահագործումից, պոռնոգրաֆիայից, բռնությունից, ոտնձգություններից եւ այլ բացասական վարքից»:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2012-ի օգոստոսին Թուրքիայի ԶՈՒ 4 սպաներ հեռացվել են համակարգից «թուրք ազգը վիրավորելու» համար, երբ ռազմական ակադեմիայի կուրսանտներին սկսել են ցույց տալ այդ սերիալը՝ անգլերենի դասընթացի շրջանակներում: Բարձրաստիճան հրամանատարությանը դուր չէր եկել, որ սերիալում կան չափից ավելի բաց տեսարաններ, որը չի համապատասխանում երիտասարդ սպաների դաստիարակության ոգուն: Բացի այդ, նրանց վրդովվեցրել է ալկոհոլի քանակը, որն օգտագործում են ֆիլմի հերոսները:



























