Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը հասարակությունն անվանում է Վարդավառ, այս տարի կնշվի հուլիսի 11-ին: Նախորդ տարի Վարդավառը նշվել է հուլիսի 19-ին, իսկ 2011-ին կնշվի հուլիսի 31-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր աթոռի կայքեջից, Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: