«Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը ցանկանում է արվեստանոցը դարձնել կահույքագործական արհեստանոց: Այս մասին NEWS.am-ին ասաց «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանը, ում նոյեմբերի 10-ին աշխատանքից ազատել է Իգիթյանը:
Հրաչ Համբարձումյանը պատմեց, որ իրեն աշխատանքից ազատել են անհիմն: «Արվեստանոցի հետ կապված մենք դիմել էինք Հանրային խորհուրդ, նրանք էլ կրթության եւ գիտության նախարարություն: Չորեքշաբթի նախարարությունից երկու աշխատակից եկել էին ստուգումների, որից երկու օր անց արդեն ինձ զանգում է Իգիթյանի քարտուղարուհին եւ հայտնում, որ ես հեռացված եմ: Երեկ գնացել եմ եւ վերցրել հեռացմանս հրամանը, որտեղ գրված է, թե սեպտեմբերին դասերի չհաճախելու պատճառով եմ հեռացվել»,- ասաց նա:
Կերպարվեստի ուսուցչի խոսքով՝ ինքն ամբողջ սեպտեմբերին չի բացակայել. նա դասերը սկսվել են սեպտեմբերի 10-ից եւ մի քանի պարապմունքից հետո Իգիթյանն իրենց հանձնարարել է ազատել տարածքը եւ դասերն անցկացնել Սարյան 29 հասցեում:
«Ես չեմ համաձայնվել, այդ պատճառով դասերը մի քանի օրով հետաձգվել են, բայց ես կարող եմ բերել բոլոր երեխաների ծնողների ստորագրությունները, թե սեպտեմբերին քանի դաս ենք արել, որ ես չեմ բացակայել, ինչպես իրենք են պնդում: Իգիթյանն ընդամենն ուզում է, որ ես հեռանամ այս արվեստանոցից: Իգիթյանի աշխատակիցներն այստեղ բերել են մետաղյա հաստոցներ՝ փայտ եւ երկաթի մասեր մշակելու համար, ցանկանում են արվեստանոցը դարձնել փայտի արտադրամաս, մինչդեռ այս տարածքը պետությանն է պատկանում»,- ավելացրեց Հրաչ Համբարձումյանը:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին կենտրոնի աշխատակիցները գնալու են արվեստանոց՝ գույքի հանձնում կատարելու համար:



























