ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ. մայիսի 5-ը։ Հանքային ջրերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով հիշյալ ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա եւ տեխնոլոգիա, կատարել մոտ 5 մլն դոլար ներդրում` Արտաշատ քաղաքում կառուցելով շենքեր եւ շինություններ։ Մինչեւ տարեվերջ կկատարվի եւս 22 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում` ներդրումների ընդհանուր թիվը հասցնելով 27 մլն դոլարի։ Արդյունքում ակնկալվում է ստեղծել մինչեւ 220, հետագայում` եւս նույնքան աշխատատեղ։

Գործադիրը որոշել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. հուլիսի 1-ից մինչեւ 2010թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. հուլիսի 1-ը։ Ընկերությունը, որը միջազգային բեռնափոխադրումներ է կազմակերպում դեպի ԱՊՀ եւ Եվրոպայի երկրներ, նախատեսում է Հայաստանից թարմ մրգեր արտահանել նշված ուղղություններով։ Ծրագրով նախատեսվում է կատարել մոտ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ստեղծել առնվազն 150 նոր աշխատատեղ: