Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ծայր առած լրտեսական սկանդալը, որ սկսվեց անմիջապես Դմիտրի Մեդվեդեւի ամերիկյան այցից հետո, ավելի շուտ բուն ԱՄՆ-ում ներքաղաքական խռովության արդյունք է, քան Ռուսաստանի հետ հարաբերությունների հարց: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է վրացի փորձագետ Ռամազ Սաքվարելիձեն:  

Նրա խոսքով, Օբամայի ընդդիմախոսները, որոնք ազդեցություն ունեն ԱՄՆ-ի ուժային կառույցներում, նման գործողություններով ցանկացան Օբամային սեւերես անել Ռուսաստանի առջեւ: «Հենց այդ պատճառով էլ պաշտոնական Վաշինգտոնը փորձեց ամեն կերպ հեռու մնա այդ սկանդալից՝ ասելով, որ տեղյակ չի եղել»,- նկատեց փորձագետը: Սաքվարելիձեւի կարծիքով, Վաշինգտոնը փորձում է կոծկել սկանդալը՝ նորմալ հարաբերություններ պահպանելու համար Մոսկվայի հետ: «Պաշտոնական Վաշինգտոնը ձգտում է ըմբռնում գտնել Մոսկվայի կողմից, եւ դա, հավանաբար, Սպիտակ տան վարչակազմին հաջողվել է, քանի որ Կրեմլը համարժեք պատասխան չի տվել»,- նշել է փորձագետը:

Նշենք, որ հունիսի 28-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր 10 հոգու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ: Եւս մեկին ձերբակալել էին Կիպրոսում: Նա ազատ էր արձակվել գրավի դիմաց եւ կորել: Ամերիկյան իրավապահների խոսքով, ձերբակալությունները երկարատեւ հետաքննությունների արդյունք են: