Վրաստանում բուհ ընդունվողների համար մեկնարկել են պետական միասնական քննությունները:
Այս տարի դիմորդների առջեւ իրենց դռները բացել են 64 բուհեր, այդ թվում՝ 17 համալսարաններ Վրաստանի շրջաններում։ GHN հաղորդմամբ, քննություններին կմասնակցեն 35 հազար դիմորդներ:
Դիմորդները պետք է հանձնեն 3 պարտադիր քննություններ՝ վրաց գրականությունից եւ լեզվից, հմտություններից, ինչպես նաեւ օտար լեզվից։ Չորրորդ քննությունը ապագա ուսանողներն ընտրում են 7 պրոֆիլային առարկաններից՝ մաթեմատիկա, գրականություն, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա եւ կենսաբանություն:
Ամենապահանջված ֆակուլտետը Տեխնիկական համալսարանի հումանիտար-սոցիալական ֆակուլտետն է, որի 1200 տեղի համար հավակնում են 12,988 դիմորդներ։ Երկրորդ տեղում Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի էկոնոմիկայի եւ բիզնեսի ֆակուլտետն է, որի 540 տեղի համար պայքարելու են 5278 դիմորդներ:
Վրաստանում ուսման վարձը տարեկան 1500-2500 լարի է, սակայն կան թանկարժեք կոմերցիոն բուհեր, որտեղ ուսման վարձը գերազանցում է 10 հազար լարին:
Քննությունների ընթացքին հետեւում են 1300 դիտորդներ եւ համակարգողներ, ոստիկանության եւ անվտանգության 30 բրիգադներ։ Յուրաքանչյուր քննական կենտրոնում տեղակայված է բժշկական կետ, եւ կան հերթապահող շտապօգնության մեքենաներ:
Այս տարի վրացական դպրոցներ ավարտած աշակերտներին հնարավորություն է ընձեռվել ռուսերենը հանձնել որպես օտար լեզու:
Այն աշակերտները, որոնք ուսուցում են անցել հայերենով կամ ադրբեջաներենով, կարող են քննություն հանձնել հայերենով, սակայն նրանք հետագայում պետք է վրացերեն լեզվի մեկ տարվա դասընթացների հաճախեն, ինչից հետո կարող են շարունակել իրենց մասնագիտական ուսուցումը։ Ընդհանուր հաշվով այդ ուսանողների թիվը այս տարի հասնում է 2602-ի:


























