Եվրոպական մեկ տասնյակ երկրներ, այդ թվում եւ Հայաստանը, հուլիսի 1-ին վճռաբեկ բողոքով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով վերացնել հանրակրթական դպրոցներում խաչելություն տեղադրելու արգելքը։

Նյու Յորքի համալսարանի իրավագետ Ջոզեֆ Ուայլերը Իտալիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Հունաստանի, Մալթայի, Սան Մարինոյի, Ռումինիայի ու Ռուսաստանի անունից դիմել է դատարան, որպեսզի վերացվի Իտալիայի դպրոցներում խաչելություն տեղադրելու արգելքը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, 2009թ. նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր ընդունել արգելել կրոնական խորհրդանիշերի տեղադրումը Իտալիայի հանրակրթական դպրոցներում` գտնելով, որ դա կրթական ու կրոնական իրավունքների խախտում է, մասնավորապես` ոչ քրիստոնյա աշակերտների կամ աթեիստների իրավունքների խախտում։ Դատարանի վճռում նշվել էր, որ պետական հանրակրթական դպրոցները պետք է կրոնական չեզոքություն պահպանեն։

Ջոզեֆ Ուայլերը հակադարձում է` ասելով, թե Եվրադատարանի արգելքը նշանակում է, որ մի շարք երկրներ իրենց պետական դրոշներից պետք է հանեն խաչի պատկերը կամ իրենց օրհներգերում չօգտագործեն Աստված բառը:

Եվրախորհրդարանի 33 պատգամավորներ պաշտպանում են վճռաբեկ բողոքը։

Հանրակրթական դպրոցների դասասենյակներում խաչելության պատկերը տեղադրելու արգելքը Եվրադատարանում ընդունվել էր 7 դատավորի մասնակցությամբ անցկացված լսումների արդյունքում։ Այս որոշման դեմ բողոքը լսվելու է Մեծ պալատում` 19 դատավորի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ վճիռը կկայացվի այս տարվա աշնանը։

Միջազգային գործակալությունները ընդգծում են, որ Եվրադատարանի որոշումը բողոքարկողների շարքում են Հռոմի կաթոլիկ եւ Ռուս ուղղափառ եկեղեցիները, եւ նշում են, որ սա կարող է նպաստել երկու եկեղեցիների մերձեցմանը։