ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ երբեւէ չի քննարկվել Հայաստանին պատժել-չպատժելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով  Չավուշօղլուի՝ հայկական մամուլում արած հայտարարությանը, որում ԵԽԽՎ նախագահը  «ստախոս» ու «ռասիստ» է անվանում հայաստանյան այն քաղաքական գործիչներին, ովքեր իրեն մեղադրում են Հայաստանին պատժել ցանկանալու մեջ։ «Ես երբեք չեմ ցանկացել որեւէ մեկին պատժել։ Հարցրեք Դավիթ Հարությունյանին՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարին»,-խորհուրդ էր տվել ԵԽԽՎ նախագահը։ «Պարոն Չավուշօղլուն հավանաբար նկատի է ունեցել, թե մենք քննարկել ենք այն, որ նախկինում իր արած հայտարարությունները կապված էին նրա՝ Թուրքիայի պատվիրակության ղեկավար լինելու հանգամանքի հետ։ Իսկ  ներկայումս նա հանդես է գալիս այլ դիրքերից»,-արձագանքեց  Հարությունյանը։

Չավուշօղլուն նաեւ հայկական մամուլին տված նույն հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերակտիվացմանը, հայտարարել է, որ այն իր նախաձեռնությունը չէ, ինչպես կարծում են Հայաստանում եւ որ «դա ապատեղեկատվություն է, որը Հայաստանում տարածում են ԶԼՄ-ները ու որոշ ընդդիմադիր ուժեր»: Դավիթ Հարությունյանը գերադասեց չմեկնաբանել մի բան, չիմանալով, թե ո՞ր քաղաքական ուժի ո՞ր մեղադրանքի մասին էր խոսում լրագրողը՝ Չավուշօղլուին հարց ուղղելիս:

NEWS.am-ի հարցին, թե անձամբ ինքն ի՞նչ կարծիք ունի ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Այն, ինչ ենթադրում է ԵԽԽՎ-ն, որ հանձնաժողովը պետք է կատարի, դա հնարավոր չէ կատարել, հաշվի առնելով ԼՂ խնդրով բանակցությունների ընթացքը։ Այս պարագայում կարծում եմ, որ իմաստ չունի գնալ հանձնաժողովի աշխատանքների վերականգնմանը։  Ցանկացած նման ենթահանձնաժողով ստեղծելուց առաջ պետք է շատ խորը  մտածել, թե ինչո՞վ պետք է զբաղվի այն։ Քանի դեռ մենք չենք հանգել որոշակի վերջնական դիրքորոշման, ես դեմ եմ հանձնաժողովի մասին որեւէ խոսակցություններին»:

Նկատենք, որ ենթահանձնաժողովի վերաակտիվացման հարցը ԵԽ Բյուրոյի օրակարգում է։ «Ես այս պահին չեմ տեսնում, թե ո՞րն է խնդրի հրատապությունը, որ այդ հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,-նկատեց Հարությունյանը։ Նա միաժամանակ ձեռնպահ մնաց կանխատեսումներ անել, թե արդյո՞ք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հարցը կդրվի Բյուրյի քվեարկությանը։ «Ես կանխատեսումներով չեմ զբաղվում»,-նկատեց Հարությունյանը։