Հայկական կայքերը կոտրելու ադրբեջանական հակերների մոլուցքը հասել է այն աստիճանի, որ նրանք Հայաստանի պետական հիմարկների պաշտոնական կայքերը կոտրելուց բացի՝ կոտրում են նաեւ անձնական կայքերը։ Երեկ՝ հունիսի 30-ի երեկոյան նրանք կոտրել են հոգեբանական թեմաներին վերաբերող՝ www.psyarmenia.com կայքը։ Այն Երեւանի 2-րդ հիվանդանոցի հոգեթերապեւտ Միհրդատ Մադաթյանի անձնական կայքն է ու հայտնի չէ, թե ի՞նչն է եղել ադրբեջանական հակերների գրոհի պատճառը։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց հոգեթերապեւտը, կայքը զերծ է եղել որեւէ քաղաքական ուղղվածությունից, եւ դրանում տեղադրված են եղել մեծամասամբ առողջապահությանը վերաբերող նյութեր: Կայքի ռուսալեզու եւ հայալեզու այցելուները իրենց հոգեբանական խնդիրների վերաբերյալ կոնսուլտացիաներ են անցկացրել հոգեթերապեւտի հետ։ Այն ունեցել է Հայաստանին վերաբերող ընդամենը մեկ էջ, որտեղ տեղադրված է եղել Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական հոդված, ինչպես նաեւ հայտնի հայազգիներից մի քանիսի կենսագրական տվյալները։ «Նույնիսկ Ցեղասպանության մասին որեւէ նյութ տեղադրված չի եղել»,-նկատեց բժիշկը։
Նրա խոսքով՝ կայքը կոտրելու հավանական պատճառ է հանդիսացել այն, որ կայքի անվանման մեջ առկա է Armenia բառը։
Հոգեթերապեւտն ասաց նաեւ, որ այժմ աշխատանքներ է տանում կայքը վերականգնելու ուղղությամբ եւ հավանաբար այս անգամ կընտրի շատ ավելի դժվար գաղտնաբառ, որպեսզի զերծ մնա հետագա հարձակումներից։ Թեեւ, ըստ բժշկի, նախորդ գաղտնաբառն էլ բավական դժվար եւ նույնիսկ տրամաբանությունից դուրս է եղել։




























