Իրավապաշտպան, խորհրդային տարիների այլախոհ եւ քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որտեղ նրան խնդրում է չխանգարել հայ ժողովրդին` Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գործում:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հայտնի է, թե ինչ բռնությունների, ընտրական խախտումների ու կամայականությունների արդյունքում է ձեւավորվել հայաստանյան ներկա իշխանությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը այդ կապակցությամբ մի քանի անգամ հանդես է եկել հրապարակային ու անաչառ հայտարարություններով: Իսկ 2008թ. նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների, երկու տարի շարունակ Հայաստանում չդադարող քաղաքական հալածանքների, հետապնդումների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցն աչքի է ընկնում ե՛ւ իր անաչառությամբ, ե՛ւ գնահատականների ճշգրտությամբ:

Ընտրակեղծիքների, խաղաղ ցուցարարներին գնդակահարելու եւ ընդդիմախոսներին բանտերը նետելու ճանապարհով ՀՀ նախագահի աթոռը գրաված Սերժ Սարգսյանը՝ հասկանալով, որ Հայաստանում երբեք չի կարողանալու ժողովրդականություն վայելել, որոշեց փորձել ներքին լեգիտիմության բացարձակ բացակայությունը փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ ու  հանդես եկավ հայ-թուրքական մերձեցման նախաձեռնությամբ:

Այդ պահից մենք ականատեսը  դարձանք Ձեր կողմից երկակի չափանիշների կիրառման ամենաիսկական օրինակների: Չարդարացված բռնությունների, ընտրակեղծիքների ու խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար ԱՄՆ կողմից արդարացիորեն քննադատվող հայաստանյան իշխանություններն այլեւս քննադատությունից դուրս հայտնվեցին: Եւ միմիայն արտաքին ուժերի, այդ թվում` ԱՄՆ աջակցության շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողացավ երկրի ներսում` շարունակելով քաղաքական հետապնդումներն ու բռնությունները, պահպանել իր երերուն իշխանությունը: Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ նրան ընդունեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ անվանեց խիզախ մարդ: Ինչի՞ համար խիզախ, հարցնում են Հայաստանում  ու որեւէ բացատրություն չեն գտնում. ընտրակեղծիքների՞, սպանությունների՞, անհանդուրժողականությա՞ն, թե՞ հայ-թուրքական երկխոսությունը փակուղի մտցնելու համար:

Տխուր է ու զարմանալի, որ Դուք եւ Ձեր գործընկերները լծվել եք Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացման գործին՝ հույս ունենալով ձեր աջակցության դիմաց թույլ ու դիմադրություն չցուցաբերող հայկական կողմից մաքսիմում զիջումներ կորզելով՝ տարածաշրջանային լրջագույն խնդիրներ լուծել: Բայց ինչքան էլ աջակցեք նրանց՝ նրանք բուն Հայաստանում չեն լեգիտիմացվելու եւ նրանց ցանկացած քայլ՝ լինի դա հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական խնդիրներին վերաբերող, չեն ընդունվելու հայ ժողովրդի կողմից եւ խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերը վերջին հաշվով զուր են անցնելու: Այդպես էլ եղավ, եւ այլ կերպ լինել չէր էլ կարող: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լարված ու խճճված են քան 2008-ին էր, իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններն այնքան են լարվել, որ ամենայն լրջությամբ խոսվում է պատերազմի վերսկսման վտանգի մասին: Արդեն սահմանամերձ ընդհարումների դեպքեր են արձանագրվում եւ մարդիկ են զոհվում: Դրանում կա նաեւ Ձեր եւ միջազգային հանրության մեղքը:

Որովհետեւ Դուք եւ Ձեր գործընկերները Հայաստանի ժողովրդավարացման գործը ստորադասեցիք դիվանագիտական կասկածելի շահերին եւ աջակցեցիք Հայաստանում լեգիտիմության զրո մակարդակ ունեցող ուժերին: Արդյունքում ընթացող հայ- ադրբեջանական  բանակցությունները փակուղի են մտել, հայ-թուրքականը` դադարեցվել է, Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, ուր խոչնդոտվում է քաղաքական ընդդիմության ցանկացած  գործողություն, ուր բանտ են նետում քաղաքական ընդդիմախոսներին:

Ես Ձեզ կոչ եմ անում ոչ լեգիտիմ իշխանությունների հետ կասկածելի, անհույս ու անհեռանկար գործարքների գնալու փոխարեն հավատարիմ մնալ սեփական երկրի կողմից մշտապես հռչակված այնպիսի կարեւոր արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազատությունը եւ ժողովրդավարությունը: Այս սկզբունքներից ցանկացած շեղում, ինչով էլ որ այն բացատրվի կամ արդարացվի, անհասկանալի է մնում հանուն ազատության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պայքարողների համար:

Մենք Ձեզ կոչ չենք անում մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարություն հաստատել: Մենք ինքներս դա կանենք: Մենք այդ փորձն ունենք: Մեր ժողովուրդն ունի իր մեջ ե՛ւ ուժ, ե՛ւ ազատության ձգտում ու անկասկած կհասնի հաջողության: Մենք դառնալու ենք ազատ երկիր ու համերաշխ ապրելու ենք մեր բոլոր հարեւանների հետ: Այդ օրը շատ ավելի շուտ կգա, եթե Դուք դադարեք աջակցել հայաստանյան ոչ լեգիտիմ իշխանություններին»: