Հուլիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին եւ աշխատակազմին է ներկայացրել դպրոցի նորանշանակ ռեկտոր դեսպան Վահե Գաբրիելյանին:

NEWS.am-ը ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ներկայացնելով նորանշանակ ռեկտորին` ԱԳ նախարարը նշել է. «Դեսպան Գաբրիելյանի կուտակած փորձը եւ հմտությունները անշուշտ կնպաստեն դպրոցի առջեւ դրված խնդիրների իրականացմանը»:

Նոր պաշտոնում հաջողություն մաղթելով դեսպան Գաբրիելյանին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ԱԳՆ կադրերի դարբնոցի առաջին ղեկավար դառնալը պատվաբեր է եւ միաժամանակ պարտավորեցնող ու բարդ աշխատանք, քանի որ դիվանագիտական դպրոցը նոր կառույց է եւ շատ ակնկալիքներ ունեն թե դպրոցի ունկնդիրները, եւ թե ԱԳՆ-ն: Է. Նալբանդյանն ընդգծել է, որ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը պետք է հանդիսանա Հայաստանի դիվանագետների պատրաստման հիմնական կրթօջախը:

 Շնորհակալություն հայտնելով` դեսպան Գաբրիելյանը վստահեցրել է, որ կանի առավելագույնը դիվանագիտական դպրոցի կայացման եւ հաջողության համար:

Հիշեցնենք, որ Վահե Գաբրիելյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը, այնուհետեւ նշանակվել է դեսպան Մեծ Բրիտանիայում: