«Բարգավաճ Հայաստանը» չի ձգտում ոչ ոքի կուլ տալ եւ սահմանափակել ինչ-որ մեկի ինքնուրույնությունը: Այս մասին նոյեմբերի 14-ին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Ըստ նրա՝ կուսակցությունը նախընտրում է գործընկերային հարաբերությունները եւ հարցերի համատեղ լուծումը:

Նա հավելել է, որ հենց այդ պատճառով չպետք է կարծել, որ եռյակի միացյալ շտաբերում, որոնք ձեւավորվում են  ողջ հանրապետությունում,  գերիշխելու է ԲՀԿ-ն: «Կարծում եմ՝ եռյակի ուժը հենց նրանումն է, որ մենք որոշումներ ենք կայացնում փոխզիջման հիմքով: Իսկ եթե կան հարցեր, որոնց շուրջ մենք համամիտ չենք, ապա իրավունք ունենք  վարվել ըստ մեր հայեցողության՝ գործելով ամեն մեկս մեր անունից», - նշել է Մարգարյանը: