Մենք բոլորս պետք է համախմբվենք՝ Վրաստանի ամբողջականության պահպանման եւ վերականգնման պայքարում, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում՝ արտակարգ կոչով դիմելով պատգամավորներին:
Ըստ նրա՝ այդ խնդրի լուծման համար Վրաստանի նախագահի աշխատակազմը կրկնապատկել է ջանքերը միջազգային ասպարեզում, փոխանցում է «Գռուզիա On-line»-ը:
«Ցանկանում եմ ձեզ հայտնել, որ բանակցությունների բոլոր ձեւաչափերում մենք աջակցություն ենք ստացել, որն արտահայտվել է ինչպես Ճապոնիայի կառավարության հետ ստորագրված համատեղ հայտարարություններում, այնպես էլ միջազգային համաժողովների օրակարգում Վրաստանի թեմայի ակտիվացմամբ: Մենք պետք է փոխենք Ռուսաստանի «արտոնյալ շահերի ոլորտները»:
Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ մենք պետք է միավորվենք՝ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի բռնակցումը կանխելու համար: Այս վտանգը չպետք է պառակտի վրաց հասարակությանը, այն պետք է միավորի մեզ, քանի որ միակ ելքը եւ Ռուսաստանի գործողությունների միակ պատասխանը երկրի եվրաատլանտյան ինտեգրումն է», - նշել է նախագահը:




























