Վերջին 20 տարում նման միջադեպ չէր եղել, ինչպիսին կատարվեց մեր ռազմական ուղղաթիռի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության ղեկավար Ռուբեն Գեւորգյանը:

Անդրադառնալով շահարկումներին, թե պետք չէր չեզոք գոտի ուղղաթիռ ուղարկել՝ պատգամավորն այսպես հակադարձեց. «Ի՞նչ է էդ դեպքով էլ սկսենք մեզ մեղավոր հանել, թե շատ մոտ է թռչել ուղղաթիռը կամ էլ թե ով գիտի ինչ, ի վերջո պատերազմում ինտելեկտ ու քաղաքակրթություն չկա, կա հաղթող ու պարտվող, վերջապես հերիք եղավ հաղթանակած երկրում պարտվողական հոգեբանությունը դարձնեք մեզ համար կատարված դեպքի արդարացուցիչ մաս»,- ասաց նա:

ԵԱՄ ղեկավարը շեշտեց, որ թող ոչ ոք կասկած չունենա, որ ունենք մարտական բանակ, եւ ամեն նման ոտնձգությունների պարագայում պատերազմի պարտությունը չճաշակած էսօրվա 18-20 տարեկան լամուկների մեջ անպայման պիտի ներարկվի վախի, մահվան ու պարտության սարսափը:«Ձեզ ի՞նչ է թվում, որ երբ սահմանում զոհվում է մեր զինվորը, արդյոք դա պատերազմ չ՞է, անկախ այն բանից, նա դիպուկահարներից է զոհվել, հրանոթային արկից, գերի ընկած անմեղ գյուղացուն խոշտանգելուց, թե ռազմական ուղղաթիռ ոչնչացնելուց, կասեք ինձ՝ ձեր պատկերացմամբ պատերազմը էլ ո՞րն է, ի՞նչ է ուղղաթիռի հետ կապված միջադեպն էլ համարենք շատ կներեք այդ պոռնիկների կողմից լկտիություն, ծիծաղելի է»,-ասաց նա:

Ռուբեն Գեւորգյանը շեշտեց, որ ամեն մի նմանատիպ միջադեպ թողնելով անպատիժ՝ նույնն է պատերազմի բովով չանցած մեր երիտասարդ զինվորի արիության մեջ պարտվողական վիրուս ներարկելը, բայց «էդ պադոնոկ ցեղատեսակը շատ կերազի դրա մասին»:

Ցավակցելով զոհվածներին ընտանիքներին եւ հարազատներին՝  պատգամավորն ասաց, որ երբ ընկած ուղղաթիռին կրակահերթի տարափներով  չեն թողնում մոտենաս, դա արդեն կրակում են արժանապատվությանդ բազում թելերին: «Երեւի դրա համար էլ իմ տեսակը չի կարող գերագույն հրամանատար լինել, այլապես հաստատ այդ տարածքում գտնվող հազարավոր տեխնիկան կուղղորդեի դեպի Բաքու»,-ասաց Ռուբեն Գեւորգյանը՝ հավելելով, որ երդվյալների 5000-ից ավել առաջնագծում կռված ազատամարտիկներով պատրաստ են գնալ Արցախ եւ կանգնել մեր զինվորի կողքին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: