Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը կարեւորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:

Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր դիմել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը: Սակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որեւէ պատասխան չի ստացվել»,- նշել է նա: