Ավստրալական գիտնականները ժամանակակից ամուսինների սեռական կյանքի մակարդակի անկման մասին հոռետեսական եզրակացություն են արել: Ամուսնացած զույգերի մոտ սեքսի աստիճանական անհետացման պատճառների ուսումնասիրության ընթացքում հետազոտողները պարզել են, որ դա կապված է մի շարք գործոնների հետ:

Ուսումնասիրության ընթացքում ամուսնացած ավստրալացիները պատասխանել են մասնագետների հարցերին: Արդյունքում պարզվել է, որ նրանք սեքսով զբաղվել են շաբաթական միջինը 1.4 անգամ: Ընդ որում, 10 տարի առաջ այդ ցուցանիշը եղել է շաբաթական 1.8 անգամ:

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում նույն թեմայով անցկացված հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ ավելի ու ավելի շատ ամուսիններ են սեքսին քիչ ժամանակ տրամադրում: Եթե 1990 թվականին բրիտանացիները սեքսով զբաղվել են ամիսը միջինը 5 անգամ, ապա 2010 թվականին՝ ամիսը մինչեւ 3 անգամ:

Ավստրալիայից պրոֆեսոր Ջուլիեթ Ռիչթերսի կարծիքով, ամուսնացած զույգերը ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում՝ ժամանակի տարրական բացակայության պատճառով: Ամուսնանալուց հետո մարդկանց կյանքը, աշխատանքից բացի, լցվում է նոր պարտավորություններով: Կարիերա ստեղծելու ձգտումը, ինչպես նաեւ աշխատատեղը կորցնելու վախը ճնշող են դառնում, այդ պատճառով զոհաբերվում են անձնական հարաբերությունները: