Փաստաբան Վարդուհի Էլբակյանի եւ իր պաշտպանյալ, ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀԱԿ ակտիվիստը:
Նրա խոսքով՝ նախաքննությունն առաջիկայում կավարտվի, դեռեւս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
«Իմ եւ Վարդուհի Էլբակյանի միջեւ առերեսում է եղել: Թե ինչ ենք խոսել եւ ինչ է պարզվել, այս պահին ոչինչ չեմ ուզում ասել: Երբ նախաքննությունն ավարտվի, այդ ժամանակ եզրակացություն կանեմ մեր առերեսումից»,- ասաց Արտակ Կարապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ Արտակ Կարապետյանը մեզ պատմել էր, որ իր փաստաբան Վարդուհի Էլբակյանը հրաժարվում է վերադարձնել 3 մլն դրամի գրավը: «Վարդուհի Էլբակյանն ու ՀԱԿ իրավական համակարգող Արմեն Խաչատրյանը գնում են բանկ եւ վճարում 3 մլն դրամը: Երկու ամիս անց մեր փաստաբանը փոխվում է: 2013թ.-ին Վերաքննիչ դատարանը մեզ համաներումով ազատ արձակեց, մենք դիմեցինք Վճռաբեկ, որ մեզ արդարացնեն, ոչ թե համաներումով ազատ արձակեն: Այդ բողոքն իհարկե մերժվեց, իսկ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարին: Ես զանգեցի Վարդուհի Էլբակյանին, որ գնա գրավս բանկից հանի ու գումարս վերադարձնի, բայց հրաժարվեց»:
Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը եւ ՀԱԿ 6 ակտիվիստներ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Երկարատեւ դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:




























