«Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ ճնշում է գործադրում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջոցով, նույնը կրկնվում է նաեւ Ադրբեջանի նկատմամբ` Լեռնային Ղարաբաղի միջոցով»,- նման տեսակետ է հայտնել ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանքն ու հավելել. «ռուս ներդրողները, արհամարհելով Վրաստանի օրենքները, սեփական տարածքներ են գնել Աբխազիայում եւ դրանով վերահսկողություն ստացել այդ տարածքի վրա: ԼՂ-ում, թեեւ ոչ այդ ձեւերով, սակայն նույնպես առկա է միջազգային վերահսկողության պակասը»:

Այնուհետեւ խոսելով այդ հակամարտությունների հարցում ՄԱԿ-ի դերի մասին՝ Բլանքն ասել է. «Վրաստանում պատերազմից առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չկարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձեւի տեքստի հետ, որը վերաբերում էր Հարավային Օսիային, եւ արդեն այն ժամանակ պարզ էր, որ ՄԱԿ-ը չի կարողնալու լուծել իր առջեւ դրված խնդիրները: ՄԱԿ-ն արդեն ցույց է տվել իր անընդունակությունը Կովկասում առկա հակամարտությունների լուծման հարցերում: Պարադոքսն այն է, որ Արեւուտքի անընդունակության ֆոնին Ռուսաստանը կրկին խաղաղապահների քանակով առջեւում է այդ տարածաշրջանում»:

Հետաքրքիր է այն, որ ամերիկացի փորձագետը Վրաստանի պարագայում միանշանակ պնդում է, որ ռուսական զորքերն օկուպանտն են եւ պետք է անհապաղ դուրս բերվեն Վրաստանի տարածքից, իսկ ահա Ղարաբաղի պարագայում նշում է միայն, որ այդ հակամարտության գոտում չպետք է լինեն միայն ռուսական ուժեր, այլ բոլոր կողմերի համար ընդունելի անկողմնակալ եւ այդ տարածքում շահեր չունեցող երկրների խաղաղապահներ: