Լրատվությամբ տարածված լուրերով Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը փաստորեն Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի մի սրահը, որտեղ երեխաների համար քանդակի խմբակ է գործում, ուզում է դարձնել կահույքի արտադրության արհեստանոց: Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է.
«Նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատել է խմբակի ղեկավարին, ով շատ նվիրված է երեւում իր գործին եւ նրա ազատումը շատ մեծ վրդովմունք է առաջացրել երեխաների եւ ծնողների շրջանում: Լուրերում անընդհատ հնչում են Լեւոն Իգիթյանի բառերն այն մասին, որ ինքն միանձնյա է որոշում բոլոր հարցերը:
2013թ. ավագանու որոշմամբ Երեւանի պատվավոր քաղաքացի դարձած պարոն Իգիթյանի այս վարքագիծը, ցավոք, շատ բնորոշ է իրեն: Ավագանու նիստերին, որը Երեւանի մասին օրենքով բազմակուսակցական քաղաքական մարմին է եւ որտեղ որոշումները պետք է կայացվեն բազմակարծիք քննարկումների արդյունքում, հանրապետական խմբակցության վերոնշյալ անդամը նույն վարքագիծն է դրսեւորում, ունի վերին աստիճանի անհանդուրժող կերպար, պահվածքն ուղղակի անհամատեղելի է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման հետ:
Կարծում եմ հասարակության համար շատ կարեւոր է իմանալ Երեւանի քաղաքապետի ու Ավագանու «Հանրապետական» խմբակցության տեսակետն այս պատմության հերոսի մասին, նամանավանդ, որ նա Երեւանի պատվավոր քաղաքացի է»:




























