Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ 41-ամյա Սոնյա Ավետիսյանը, ով մոտ 2 շաբաթ է կորած էր, գտնվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:

Նա նշեց, որ կնոջը գտել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նախնական տեղեկություններով՝ Աղդամի տարածաշրջանում: Գյուղապետն հայտնեց, որ կինն այժմ գտնվում է ոստիկանությունում, իրավապահները փորձում են ճշտել հանգամանքները:

Սերյոժա Հայրապետյանը հայտնեց, որ Գորիսում են գտնվում նրա հարազատները՝ եղբայրը, ամուսինը եւ փորձում են հասկանալ, թե կինը ինչպես է հասել ԼՂՀ: Գյուղապետն ասաց, որ կինը ողջ, առողջ է, այս դեպքում առնվազն տարօրինակ է, թե ինչու է Քննչական կոմիտեն նրա կորելու դեպքի առթիվ գործ հարուցել ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության:

Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի 44-ամյա բնակիչ Ա.Կյալունցը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00 սահմաններում, կնոջ հետ վիճաբանել է կենցաղային հարցերի շուրջ, ինչից հետո վերջինս դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:

Հաղորդման առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, միջոցներ են ձեռնարկվել՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել: 2014թ. նոյեմբերի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: