«Մանանա Գրեյնի» փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի նկատմամբ արդար դատավճիռ կայացնելու պահանջով նախագահական նստավայրի մոտ յոթ օր առաջ հացադուլ սկսած Առուշանյանների ընտանիքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ի սահմաններում դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Առուշանյանը շարունակում է հացադուլը կալանավայրում: Նշենք, որ նոյեմբերի 17-ին դատարանում Աշոտը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ պահանջելով արդար դատավճիռ եւ հանդիպում արդարադատության նախարարի հետ:

«Նախագահականի վերահսկողական ծառայությունից կանչեցին, ասացին, որ արդար դատավճիռ կլինի Վերաքննիչում, մենք էլ հավատացինք ու հացադուլը դադարեցրել ենք»,- ասաց Անահիտ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, նրա փաստաբանը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հայրը՝ Լիպարիտ Առուշանյանը, ավելի վաղ NEWS.am-ին ասել էր, որ որդու մեղադրանքի հիմքում ընկած միակ ապացույցը թեեւ անթույլատրելի է ճանաչվել դատարանում, սակայն, այնուամենայնիվ, մեղադրական դատավճիռ է կայացվել՝ այն համարելով հիմնավոր վարկած։

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում: