Թուրքիայում աշխատանքներ են ընթանում պայմանագրային զորամասերի ձեւավորման ուղղությամբ, որոնց գլխավոր խնդիրը դառնալու է ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունելը:

Նրա խոսքով, համապատասխան աշխատանքները տարվում են Պաշտպանության նախարարությունում եւ Գլխավոր շտաբում:

Գյունելը հայտարարել է, թե ստեղծվող խմբավորումների համար անընդունելի է «վարձկաններ» ձեւակերպումը՝ ընդգծելով, սակայն, որ խոսքը գնում է զինված ուժերի ձեւավորման խառը համակարգի մասին, հաղորդում է թուրքական Radikal-ը:

Վեջդի Գյունելը նկատել է, որ բանակի բարեփոխման աշխատանքները միայն սկսվել են, ու թեեւ հանրության մեջ արհեստավարժ բանակի մասին խոսակցությունները վաղուց են պտտվում, կոնկրետ քայլերի մասին խոսելը դեռ վաղ է: