Պետական ավարտական եւ միասնական քննությունների լրացուցիչ փուլը կմեկնարկի վաղը՝ հուլիսի 3-ին, ֆիզիկա առարկայի քննությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը։ Հուլիսի 4-ին կլինեն «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից քննություններ, հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա», հուլիսի 8-ին՝ «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» եւ «Աշխարհագրություն», հուլիսի 10-ին «Ռուսաց լեզու», հուլիսի 12-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից։ Հուլիսի 14-ին կավարտվեն միասնական լրացուցիչ քննությունները՝ «Օտար լեզու» առարկայի քննությամբ, որի մեջ մտնում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն եւ պարսկերեն լեզուները։

Միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու իրավունք ունեն պարտադիր ժամկետային ծառայությունից 2010 թվականին զորացրվածները, Սփյուռքի շրջանավարտները, 2009- 2010 ուս. տարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննության առաջին փուլին հարգելի պատճառներով չեն մասնակցել, առաջին փուլի քննություններին չհայտագրվածները եւ բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն  ստացած շրջանավարտները։

Դիմում-հայտերի ընդունումն ավարտվել է երեկ ժամը 18:00-ին։ Քննությունների ընթացքին հետեւելու են մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։